ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Նիկոլի՛ն, Նիկոլի՛ն, Նիկոլի՛ն և այլոց

Նիկոլի՛ն, Նիկոլի՛ն, Նիկոլի՛ն և այլոց
29.04.2023 | 21:31

(Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ստորև առաջարկվող հորդոր-ուղերձը գրվել է ուղիղ 5 տարի առաջ` 2018-ի ապրիլի 29-ին:

«Կա՛նգ առ»-ի` ժամանակին արված զգուշացում, ինչը, ցավոք, ի վիճակի չէր ընկալելու ու կանգ առնելու ազգակործան պատուհասը, որը թուրք-ադրբեջանական ռեսուրսով բռնազավթում էր իշխանությունը):

ՈՒշքի՛ եկեք:

Իրավական առումով.

Հասկանում եք թե ոչ՝ չգիտեմ, բայց սա ձեր խաղը չէ ու դուք պատկերացում էլ չունեք հետևանքների մասին: Նախ, մի պարզ ու հասարակ իրողություն. գործող Սահմանադրությունը, որին թերևս բոլորն են ապավինում կամ այդպես հայտարարում, որի շրջանակներում գործելու կոչ են անում բոլոր արտաքին ուժերը, իր բազմաթիվ թերություններով հանդերձ (ես միշտ պնդում էի, որ այս Սահմանադրությունը չարիք է դառնալու հայ ժողովրդի գլխին, որովհետև այն գրվել է պատվերով), որոշակի պայմաններ է թելադրում, որոնք անտեսել չի կարելի: Դա Ազգային ժողովի ձևավորման ու նրա գործառույթների մասին բաժինն է: Ըստ կետերի ու բովանդակության դրանց չեմ անդրադառնա, ինքներդ ձեզ նեղություն տվեք դրանք կարդալու:

Նիկո՛լ, դու շատ լավ հասկանում ես, որ ըստ այդ Սահմանադրության, առանց Հանրապետական կուսակցության, դու վարչապետ չես կարող դառնալ: Անկախ այն հանգամանքից, թե մյուս խմբակցությունները ինչպես են քվեարկելու, դու պարտավոր ես ձայներ մուրալ «Հանրապետական խմբակցությունից» (թեկուզև մի քանիսը), վարչապետ դառնալու համար: Ուստի, ուզես թե չուզես, դու լինելու ես Հանրապետականի վարչապետը: Մի՛ քողարկվիր ժողովրդի մի ստվար հատվածի հաղթանակով: Ցուցարարները հաղթել են այլ խնդրում, և այդ խնդիրը լուծելու փոխարեն, որի հնարավորությունն այսօր 100 %-ով ունես, դու առաջադրում ես շատ նեղ անձնական խնդիր, որի լուծման պարագայում մյուս խնդիրների լուծումն այլևս չի լինի քո հնարավորությունների սահմաններում: Դու շատ լավ հասկանում ես, որ եթե խորհրդարանը նույնիսկ միասնաբար քեզ հռչակի վարչապետ, այդ դեպքում գործող Սահմանադրությամբ ու Ընտրական օրենսգրքով ինչպե՞ս ես ապահովելու խորհրդարանում իշխանություն – ընդդիմություն տարանջատումը: Երբ բոլորդ միասին իշխանություն եք, ո՞ր ուժը կամ խմբակցությունն է լինելու ընդդիմությունը, որը պարտադիր է, և որի իրավունքների համար, ըստ ձեր հայտարարությունների, դուք պայքարել ու պայքարում եք: Կայուն մեծամասնությունը ՀՀԿ-ն է: Միայն Հանրապետական-Ելք խմբակցությունների կոալիցիայով է, որ կարող է ձևավորվել իշխանական թևը, եթե, իհարկե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն համաձայնվեն դառնալ ընդդիմություն: Այլ կոնֆիգուրացիա չկա: Այսինքն՝ դու, ուզես, թե չուզես, պետք է լինես Հանրապետականի հետ միասին (նույնն է, թե հանրապետական): Բարի եղիր այդ դեպքում այս ամենը բացատրել քո համախոհներին:

Լավ, նույնիսկ եթե դառնաս վարչապետ, կայուն մեծամասնությունն ինչո՞ւ պետք է քո ծրագրի իրականացման պատասխանատվությունը վերցնի իր ուսերին: Հետո, ընդունենք, դարձար վարչապետ, ծրագրիդ պատասխանատվությունն իրենց ուսերին վերցրեցին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԵԼՔ-ը՝ բոլորը համատեղ (դարձյալ անհայտ է մնում ընդդիմության հարցը), գիտե՞ս արդյոք որոնք են քո առաջին քայլերը: Ասեմ քեզ. դու անհապաղ և առանց նախապայմանների, պետք է ազատ արձակես Սասնա Ծռերին, ազատ արձակես Սամվել Բաբայանին, Անդրեաս Ղուկասյանին, և այլն, և այլն, և այլն: Եթե դու դրանք չանես, քո մինչև այժմ ասածների և իրական քայլերի հակասությունը միանգամից ի դերև կելնի: Դու պատկերացնո՞ւմ ես, թե դրանից հետո ինչ է լինելու Հայաստանում, ինչ ալիք է գնալու դեպի Արցախ և ինչ է լինելու ընդհանրապես... Չէ, Նիկոլ, այս հեղափոխությունն անձի առումով դու՛ չես հաղթել, այս հեղափոխությունը հաղթել են նրանք, ովքեր այսօր չեն երևում, բայց վաղը կերևան, նրանք քեզ օգնել են, նրանք քեզ օժանդակել են, հանրությանն անտեսանելի գործերը նրանք են արել, ու դու չես կարող հաշվի չառնել նրանց կարծիքը, կամքը, նրանք քեզ կթելադրեն այն, ինչը դու այսօր հավանաբար չես գիտակցում:

Եվս մեկ անգամ՝ մի՛ մսխիր ժողովրդի հաղթանակը: Առաջադրի օրակարգ, որն առանց խաբեությունների, կբերի անհրաժեշտ, պետության ու ժողովրդի շահերից բխող արդյունքի, որի պարագայում կորուստներ չենք ունենա:

Հնարավոր սցենարների առումով.

Նիկոլ, գրում եմ ամենավատ սցենարը: Եթե այս սցենարի համար լուծում ունես, ապա մնացածը գրպանումդ է, քա՛յլ արա՝ դարձի՛ր վարչապետ:

Դու վարչապետ ես: Պարզ է, կարճ ժամանակում ոչինչ փոխել չես կարող, իսկ եթե քո նպատակը առնետավազքով արագ ընտրությունների գնալն է նույն մեխանիզմներով, ինչ մինչև հիմա, ապա նախկիններն ավելի լավն են, քան դու: Այլապես այսօր նայելով նրանց, ովքեր շողոքորթում ու քծնում են քեզ, ովքեր ոչ վաղ անցյալում նույնը անում էին նախորդների նկատմամբ, և եթե դա քեզ համար ընդունելի է, վա՛յ քեզ, քանզի այդ պարագայում, մանկիկի շուրթերով ասած, Նիկոլը մերկ է: Վարչապետ Նիկոլը շատ արագ ոչինչ անել չի կարող, եթե նույնիսկ գնա խորհրդարանի լուծարմանը՝ վարչական ռեսուրսներ արդեն իսկ ունենալով ու փորձելով հասնել իր նպատակին: Այդ դեպքում քաոսը Հայաստանում անխուսափելի է, Արցախում՝ նույնպես (նորից չբացատրեմ ինչ պատճառներով, որոնց անդրադարձել եմ իմ նախկին հրապարակումներում): Ո՞վ է այն երաշխավորը, որ այդ ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք ուշի-ուշով հետևում են այս գործընթացներին, չեն նախաձեռնի այն, ինչ 20-րդ դարի սկզբին, ուղիղ հարյուր տարի առաջ, ու մենք չենք ունենա մի նոր ստորացուցիչ Ալեքսանդրապոլի պայմանագիր՝ էլ ավելի վատ պայմաններով, ու չենք վազի ուրիշներից թղթյա շերեփով մեր խնդիրների լուծումը մուրալու ճանապարհով: Ո՞ւր է այն երաշխիքը, որ քաղաքական ուժերը, որոնք այսօր պատրաստ են միաձայն քեզ քվեարկելու, վաղը այդ բոլոր կորուստների մեջ չեն մեղադրի քեզ ու ժողովրդին, որի դեպքում, կարծում եմ, քեզ համար արդեն պարզ է քո հետագա ճակատագիրը: Դրանից հետո այդ քաղաքական ուժերին ոչինչ չի խանգարի դարձյալ իշխանության գալ, բայց արդեն առանց Արցախի և Արցախյան հիմնախնդրի: ՈՒ՞ր է այն երաշխիքը, որ Ադրբեջանն ու Թուրքիան, որպես իրենց հավատարմություն մեր այսօրվա բարեկամներին, նրանց հետ դաշն չեն կնքի ու չեն պատժի դեպի ուրիշ տեղ գնացող Հայաստանին:

Չէ՛, Նիկոլ, գույները չեմ սևացնում: Շատ ավելի դաժան պատկերներով կարող եմ նկարագրել, բայց, թերևս, այսքանով բավարարվեմ:

Բարոյական առումով.

Մեր բոլոր չլուծված խնդիրների, մեղմ ասած, հիմնական մեղավորը իշխանություններն են, դրանում որևէ կասկած չկա: Եվ այն, որ իշխանություններն իրավիճակին չէին տիրապետում, դու լավագույնս ապացուցեցիր: Դու հասար ամենակարևոր խնդրի լուծմանը, և դեռ հնարավորություն ունես օրակարգ ձևավորելու և այդ օրակարգով մոտակա 2-3 ամսվա ընթացքում լուծելու շատ կարևոր հարցեր, որոնք կապահովեն թե՛ օրինականությունը երկրում, թե՛ լեգիտիմ իշխանություններ ձևավորելու հնարավորությունը: Մայիսի 1-ից հետո, անկախ արդյունքից, դու դրա հնարավորությունը կկորցնես: Եվս մեկ անգամ՝ Նիկոլ, մի՛ մսխիր ժողովրդի հաղթանակի արդյունքները:

Հ.Գ.-Այսօր եթե ես սխալվում եմ, երկիրը դրանից ոչինչ չի կորցնի, բայց եթե դու ես սխալվում, կկորցնենք գրեթե ամեն ինչ: Դեռ ժամանակ կա իրավիճակը սթափ գնահատելու և ճիշտ քայլեր կատարելու: Լրջորեն մտածիր այս ամենի մասին:

29 ապրիլի, 2018 թ.

Հարգանքով՝ Գառնիկ

Դիտվել է՝ 2921

Մեկնաբանություններ